Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 29-ին ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ընտրել է Խոշտանգումների և անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում
(ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ:
ԽԿԿ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների
և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման
եվրոպական կոնվենցիայի», որը ուժի մեջ է մտել 1989 թվականին: Այն գործում է Եվրոպայի
խորհրդի անդամ պետություններում։ Կոմիտեն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից՝
իրավաբաններից, բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից:
Կոմիտեի անդամներն այցելություններ են իրականացնում Եվրոպայի
խորհրդի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր, որոնք ներառում են քրեակատարողական
հիմնարկները, ոստիկանության ստորաբաժանումները,
ձերբակալվածներին պահելու վայրերը, հոգեբուժական կազմակերպությունները, սոցիալական
խնամք տրամադրող հաստատությունները, միգրացիոն կենտրոնները և այլն: ԽԿԿ-ի պատվիրակություններն
օգտվում են ազատությունից զրկման վայրեր անսահմանափակ այցելության և անարգել մուտք
գործելու իրավունքից: Նրանք կարող են առանձնազրույց ունենալ ազատությունից զրկված անձանց
հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, որը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:
Անահիտ Մանասյանի անդամակցության ժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի
20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը: