Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր
հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար
Շտեֆան Մալերիուսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն
ու առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի,
խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային
փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով
հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային
փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և
խթանմանը։ Այս համատեքստում Պաշտպանն անդրադարձել է դեկտեմբերին Թբիլիսի կատարած իր
այցին, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման)
Լևան Իոսելիանիի և Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների
խորհուրդների անդամների հետ:
Պաշտպանն
անդրադարձ է կատարել նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի պաշտպանությանը, ընդգծել
է շարունակական մասնագիտական կրթության արդյունավետ ընթացակարգերի ապահովման, ոստիկանության
ծառայողների գիտելիքների և կարողությունների
զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը
հյուրերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես
նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում
ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան,
խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված
այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ
նախնական զեկույցում։
Ներկայումս
շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն
և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
Հանդիպման
շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: