Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների միջազգային
օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում բացման խոսքով է հանդես եկել Պաշտպանության
նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կազմակերպված՝ զինված
ուժերում վատ վերաբերմունքի դեմ պայքարի և կանանց ներգրավումը զինված ուժերում թեմաներով
քննարկմանը։
Միջոցառումը
նախաձեռնել են Եվրոպայի խորհուրդն ու Պաշտպանության նախարարությունը։ Բացման խոսքով
հանդես են եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն։
Ողջունելով
քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու
իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման
75-ամյակի առթիվ: Այս համատեքստում Պաշտպանն
ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անհնար է ունենալ բնականոն հասարակական հարաբերություններ,
եթե դրանք կառուցված չեն իրավունքահեն մոտեցումների, հավասարության և արժանապատվության
գաղափարների վրա։
«Մարդու
իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից
ունեն բացառիկ կարևորություն։ Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող
են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքահեն արժեքների վրա։
Հակառակ պարագայում անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր, իսկ այդպիսի
միջավայրի բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ հակաիրավական և բացասական երևույթների։
Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը։
Այդ համագործակցության շնորհիվ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ»,-ասել
է Անահիտ Մանասյանը։
Միևնույն
ժամանակ, Պաշտպանը խոսել է զինված ուժերում առկա խնդիրների մասին, նշել, որ դրանք պետք
է ստանան համակարգային լուծումներ` ընդգծելով այդ գործընթացում մարդու իրավունքների
գերակայության երաշխավորման կարևորությունը։
Միջոցառման
շրջանակում Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված փորձագետ Լիլիան Ապոստոլը ներկայացրել
է քննարկվող թեմաների առնչությամբ միջազգային չափանիշները, ԵԽ երկրների լավագույն փորձը,
քաղված դասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի օրինակները։
Զինված
ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը գտնվում են Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։