Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային
օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ
դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ:
Միջոցառումը
նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել
Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները,
Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և
սպորտի վարչության, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրինությունն ու
ուսուցչական կազմը:
Իր բացման
խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների
միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի
առթիվ:
Պաշտպանը
նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն
ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի
ձևավորման ու զարգացման համար:
Դիմելով
աշակերտներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը և նշել,
որ հենց այս հանդիպմամբ է սկսում Մարդու իրավունքների օրվան նվիրված արշավը։ Պաշտպանն
ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից
լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության
ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:
Հանդիպման
ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին: Հարցերը
վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների
իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին,
կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և
այլն։
Աշակերտներին
ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:
Մարդու
իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը
համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել
է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման
հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։
Հանդիպման
վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և
պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում: