Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական
միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի
քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն
ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության
մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում
լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի
կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես
նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում
պետք է բացառվի հանրային խոսույթից:
Անդրադարձ
է կատարվել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պատշաճ երաշխավորման
հետ կապված հարցերին, փաստաբանների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող
բողոքներով վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների
կրթության որակի բարձրացման կարևորությունը։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական
անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության հետ
կապված հարցերը։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում
վերոնշյալ անձանց ծնողների և հարազատների հետ, խնդիրը բարձրացնում է պետական իրավասու
մարմինների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
Իր հերթին,
Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով
Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ
համակարգի ամրապնդման հարցում։