Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը
հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին,
որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց
շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝
միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը պատվիրակության անդամներին
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով,
որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր
է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Այս համատեքստում Պաշտպանը հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության
և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների
և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում
նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը
և խթանմանը։
Իր հերթին Ժոֆրուա Դիդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության
համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։