Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության
16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 4-ին,
մասնակցել է «Կանայք սեռական բռնության մասին. ընկալումներ, փորձառություն» և «Սեռական
ոտնձգությունը ուսումնական հաստատություններում» թեմաներով հետազոտությունների շնորհանդեսին
և հանդես եկել ողջույնի խոսքով։
«Բռնության,
այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար
եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ
առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ
ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն»,-
նշել է Պաշտպանը
Այս համատեքստում
Անահիտ Մանասյանը ընդգծել է պետական իրավասու մարմինների դերը, ոլորտի հետ կապված նրանց
գիտելիքների ու հմտությունների պատշաճ մակարդակի կարևորությունը։
Հիշեցում՝
բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով
ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։