Ամբողջ
աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային
օր:
Որպես
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների
կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող պաշտոնատար անձ՝ ցանկանում
եմ հիշեցնել պետության հանձնառությունը՝ ապահովելու, պաշտպանելու և աջակցելու հաշմանդամություն
ունեցող անձանց` այլ անձանց հետ լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից
և հիմնարար ազատություններից՝ ապահովելով հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:
Չնայած
պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն
իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են զեկույցներում, հայտարարություններում,
տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել
են պետական իրավասու մարմիններին:
Վերահաստատում
եմ այն դիրքորոշումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը
պետք է հիմնված լինի նրանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների,
հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների
կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներրի
վրա:
Պետական
իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք
չունեցող պարտավորություն է:
Օգտագործելով
այս օրվա խորհուրդը` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու մեր հավաքական պատասխանատվության մասին: