Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի
Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի
Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը
շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության
կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ
համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ համագործակցության
հետագա ուղղությունների պլանավորման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը վրաց
գործընկերոջը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է
մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և
ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս
համատեքստում Պաշտպանը Լևան Իոսելիանիին հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց
իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ
ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային
փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և
խթանմանը։
Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի
Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ
թվում՝ վրացական համայնքից:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն
են ձեռք բերել էլ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում: