Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող
աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել
է պանելային քննարկման։
Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների
անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել
մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։
Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը
Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի
հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած
աշխատանքների մանրամասները:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական
անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ
վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ
բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը
մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։
Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ
հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում
նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն
էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել
նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան
ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար
իրավունքները»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները
ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով
զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային
կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների
պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում
ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք
չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել
է Ա. Մանասյանը։
Նշենք, որ Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական
և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված
միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների
պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն
ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների,
եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ,
գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ: