Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է
միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից
հերոս տղաներին:
Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի
պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները
և գտնել համատեղ լուծումներ:
Միջոցառմանը մասնակցել են
պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը,
համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի
մի շարք բնակիչներ:
Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող
միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց
իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար:
«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ
է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից
խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու
նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել
խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն
ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես
Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների
պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի
ուժեղ լինել և հաջողության հասնել», - նշել է Պաշտպանը:
Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական
կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով:
Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ
բանաստեղծություններով և երգերով:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին
անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:
Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի
պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև
գիտակցության կորուստը:
Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի
մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց
կողմից պատրաստված կավե սպասք: