Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա
Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ
այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։
Մարզի
և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ
են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները,
կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի
պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի
խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
ապահովման վիճակին։
Բռնի տեղահանված
անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի
զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի
արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները,
կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման
հետևանքով առաջացած խնդիրները։
Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու
իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ: