Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 6-ից 8-ը Կոպենհագենում մասնակցել
է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային
համաժողովին:
Այս տարի
այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային
ինստիտուտների դերը» խորագրով: Համաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր
քարտուղար Նինա Փիրումյանը։
Միջազգային
համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և բացահայտել պետությունների և մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կառույցների գործառույթներն ու մարտահրավերները խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերի ռիսկերի և արմատական պատճառների դեմ պայքարում ու կանխարգելման
գործում:
Քննարկվել
են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։
Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների
խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը:
Անահիտ
Մանասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել որպես կանխարգելման ազգային մեխանիզմ
Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի փորձը։ Անդրադարձ է կատարվել
խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված հարցերի առնչությամբ Պաշտպանին
առընթեր հասարակական խորհրդի աշխատանքին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
հետ համագործակցության մշակույթին։ Ընդգծվել է նաև խոցելի տարբեր խմբերի` վերոնշյալ
երևույթներից պաշտպանված լինելու կարևորությունը։
Առանձին
քննարկումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում
խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների
երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցեր` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից
Հայաստան անձանց բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում նշված հարցի կարևորությունը։
Այդ համատեքստում շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների
շրջանակներում վեր հանված խնդիրները:
Պաշտպանն
ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա
համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն
հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին: