Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի անվան
մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն
Հաննա Յոհանսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր
համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի
կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները,
որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին՝ նվիրված քրեակատարողական հիմնարկներ
մոնիթորինգային այցերն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմներին, մասնավորապես՝ առկա
խնդիրները վեր հանելու նպատակով կիրառվող ուղեցույցներին, ստուգաթերթերին, գործիքակազմին,
մշտադիտարկման մեթոդաբանությանը։ Կրկին վերահաստատվել է, որ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների
զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:
Պաշտպանը
Հաննա Յոհանսոնին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված
փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում
քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման
և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Հանդիպման
շրջանակում Պաշտպանը ներկայացրել է նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի հարցեր, անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին,
այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը,
հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։
Իր հերթին
Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով
Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։ Կողմերը պայմանավորվել
են շարունակել հետամուտ լինել համատեղ և փոխշահավետ նախաձեռնությունների հնարավորությանը։