Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում
Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։
Պաշտպանը
Դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն
առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք
աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական
անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ
վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Նշված
տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը
տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն
է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին
և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով
որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Անահիտ
Մանասյանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների
պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման
շրջանակներում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար
խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Պաշտպանը
նաև անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին։ Այս
համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում
անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության
ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:
Իր հերթին
Էրիկ Դը Մույնքին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով
Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել,
որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա փոխգործակցությունը
կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։
Կողմերը
պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը: