Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող
«Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն
է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական
արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման,
մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության
տեղական ու միջազգային դերակատարներին։
Ողջունելով
մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման կարևորությունը հմտությունների և գիտելիքների
զարգացման միջոցով միջավայրի սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու հավասարությանը
նպաստելու տեսանկյունից:
«Կրթությունն
ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ինքս եմ դասավանդում և մշտապես
սովորում: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի:
Կրթության պատշաճ համակարգի առկայությունը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների
պաշտպանության համակարգի կենսագործման տեսանկյունից: Հասարակական և մարդու իրավունքների
պաշտպանության համակարգերի հիմքում ընկած է համերաշխության գաղափարը, իսկ համերաշխությունն
անհնար է առանց սոցիալական արդարության», -ասել
է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:
Պաշտպանն
արձանագրել է, որ այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան
էլ համերաշխ և հանդուրժող չէ, իր բնույթով ինչ֊որ տեղ նույնիսկ ագրեսիվ է:
«Դրա խորքային
պատճառներն ու վերջիններիս լուծման ուղիներն առաջին հերթին թաքնված են հենց մեր կրթական
միջավայրում: Խնդիրները վեր հանելու ուղղությամբ Պաշտպանը շարունակական աշխատանքներ
է իրականացնում: Դրանցից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրած` բուլինգին առնչվող մեր համատեղ
ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ շուտով
հանդես եմ գալու արտահերթ զեկույցով», - նշել է Պաշտպանը:
Ավարտելով
ելույթը՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին
և մասնակիցներին այս կարևոր հարթակը ստեղծելու համար:
«Կրթության
միջոցով համերաշխ հասարակական միջավայր ձևավորելու առումով չափազանց կարևոր, նույնիսկ
առաջնահերթ է ձեր` ուսուցիչների դերը: Բացի գիտելիք փոխանցելուց, դուք բոլորի համար
ունեք նաև մոդելային վարքագիծ։ Եվ այդ մոդելային վարքագիծն է նաև, որ կարող է էական
դերակատարություն ունենալ համերաշխ ու հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում։ Մեզանից
յուրաքանչյուրը պետք է այդ առումով առավելագույն պատասխանատվությամբ իրականացնի իր
առաքելությունը», - հայտարարել է Պաշտպանը:
Նշենք,
որ համաժողովին մասնակցում են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների
հարցերով հասարակական խորհրդի անդամները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության
բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը հանդես է գալու բանախոսությամբ և խոսելու է «Ուսուցիչ-ծնող
արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի» թեմայի շուրջ։