Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող
կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական
վիճակի վատթարացման մասին:
Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով
նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական
բժշկական խորհրդատվություններ:
Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ
«Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից
զրկված անձանց, այդ թվում՝ Տաթևիկ Վիրաբյանի հետ:
Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց, Պաշտպանի
ներկայացուցիչները ծանոթացել են Տ. Վիրաբյանի առողջական վիճակին, ուսումնասիրել իրավունքների
ապահովմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները
և այլն:
Քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական
հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Տ. Վիրաբյանի առողջական վիճակը, նրան պատշաճ բժշկական
օգնություն տրամադրելու և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների ապահովմանն
առնչվող հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է գտնվում նաև նրա փաստաբանների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված
խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։