Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Եվրոպայի
խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
Անահիտ
Մանասյանը, ողջունելով Դունյա Միյատովիչին, շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած
այցի, ինչպես նաև Պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության
համար։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի խնդիրները, որոնք վեր են հանվել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված
փաստահավաք աշխատանքների ընթացքում։
Պաշտպանը
հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների
պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը` խոսելով այդ ուղղությամբ նաև Պաշտպանի աշխատակազմի
կողմից իրականացվող քայլերի մասին:
Բռնի տեղահանված
անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Պաշտպանը ներկայացրել
է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության
վերաբերյալ փաստեր:
Հանդիպման
շրջանակում Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ
պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով,
որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է
ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Իր հերթին,
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ
Մանասյանին ջերմ ընդունելության, աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման
համար և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու
պատրաստակամությունը։