Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի
և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի
գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները,
որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի
աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:
Պաշտպանի
կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման
անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների
իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման,
ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ
հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:
Պաշտպանը
բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում
Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող
հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:
Կողմերը
քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի
խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու
իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:
Իր հերթին
Լեյլա Քայաջիկը կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության
բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական
ամրապնդման վերաբերյալ: