Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-10-ը Բրյուսելում մասնակցել է
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովին:
2023 թվականը
հոբելյանական է. լրանում է ցանցի ձևավորման 10 տարին: Վեհաժողովին մասնակցել է նաև
Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:
Քննարկումների
օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների
պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրների
մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ:
Անահիտ
Մանասյանը միջազգային գործընկերների հետ զրույցների ընթացքում ներկայացրել է Պաշտպանի
հաստատության առաջնահերթությունները՝ հատուկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Մասնավորապես՝ շեշտադրվել
են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված
խնդիրները:
Անահիտ
Մանասյանն առանձին քննարկումների ընթացքում ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի
արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները,
Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում
է բոլոր հարթություններում։
Պաշտպանն
ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա
համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն
հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:
Մարդու
իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների
ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության նախնական ծրագիրը,
ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ։