Հոկտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի
հանձնարարությամբ չհայտարարված այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:
Մշտադիտարկման շրջանակում առանձնազրույցներ են տեղի ունեցել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում պահվող
այլ բուժառուների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, պահման
պայմանները, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Ի թիվս այլնի, Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հարցեր են բարձրացրել հագուստով ապահովման, բժշկական
և անձնական փաստաթղթերի, կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ տեղեկություններ
ստանալու հետ կապված։ Միաժամանակ, նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել բուժանձնակազմին
ցուցաբերվող վերաբերմունքի համար։
Բոլոր խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական
հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան
վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: