Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ
և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի
նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի
Մասակիին:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է
այցելել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններ Գորիսում և Վայքում,
ինչպես նաև Կոռնիձոր։ Անձամբ իր և աշխատակազմի
կողմից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել և հասցեագրվել
մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղից
բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիայի
արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների
խախտումներին, Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող հայատյաց քաղաքականությանը,
որը դրսևորվում է բոլոր մակարդակներում:
«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող
տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու
սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում,
այդ թվում՝ Ադրբեջանի պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այդ հանգամանքն
արձանագրվել է նաև միջազգային մոնիթորինգային մարմինների զեկույցներում»,- ընդգծել
է Մանասյանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանության, հումանիտար՝ այդ թվում սոցիալական, հոգեբանական
խնդիրների հասցեագրման կարևորության վերաբերյալ:
Դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակության
ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի
հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի
ամրապնդման հարցում։