Այսօր՝
սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան
գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին։
Հանդիպմանը
մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը։
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում
անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր
հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված
անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է
վերոնշյալ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար
խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Մարդու
իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Միավորված ազգերի կազմակերպության դերը
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Իր հերթին
Նաննա Սկաուին կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը
մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Այս համատեքստում
կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների
արդյունքները փաստաթղթավորվում են։
Կողմերը
պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ
աշխատանքների ուղղությունները: