Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար,
դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց
իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Այսօր՝
սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային
կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված
փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է
Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման
անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում
առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Պաշտպանն
անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց առևանգելու, հայ ռազմագերիների
խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի այլ ձևերի և այլ դեպքերին:
Բռնի տեղահանվածների
իրավունքների պաշտպանության համատեքստում Անահիտ Մանասյանը ԵՄ դեսպանին ներկայացրել
է նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով կանանց,
երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք
այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու
կարևորությունը։
Մարդու
իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դերը
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Իր հերթին Դեսպանը կարևորել է Պաշտպանի հաստատության
գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի
ամրապնդման հարցում։
Կողմերը
պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ
աշխատանքների ուղղությունները: