Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
Պաշտպանը
տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ
տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման
հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու պետական մարմինների հետ
և տրվել են անհրաժեշտ լուծումներ:
Բռնի տեղահանված
անձանց տրվել է նաև խորհրդատվություն՝ կապված իրավունքների պաշտպանության հետ: Անահիտ
Մանասյանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված խնդիրներին իր մանդատի շրջանակերում
լինել հետևողական և այս համատեքստում նշել է, որ դրանք լինելու են ամենօրյա հատուկ
ուշադրության ներքո. անհատական մոտեցում է ցուցաբերվելու յուրաքանչյուրի իրավունքների
պատշաճ իրացմանը:
Բռնի տեղահանված
անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով
ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:
Գորիսում
տեղի է ունեցել նաև Պաշտպանի և Սյունիքի մարզպետի հանդիպումը: Ռոբերտ Ղուկասյանն Անահիտ
Մանասյանին ներկայացրել է բռնի տեղահանվածներին ընդունելու առնչությամբ մարզում իրականացվող
աշխատանքները: Պաշտպանը նշել է, որ այդ անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում
են իր անմիջական ուշադրության ներքո: Հանդիպում է անցկացվել նաև պետական այլ մարմինների
ներկայացուցիչների հետ:
Նույն
օրը Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված
Հումանիտար կայան: Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի
հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին,
զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Բռնի տեղահանվածների
առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են: