ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային
խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող,
ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և
քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։
Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ
բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ
անհանդուրժողականության քարոզչությունը։
Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք
է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն,
անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից։
Առանցքային է, որպեսզի պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու
զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից
հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն
նման խոսքին։
Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ
հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության
միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք: