Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Սահմանադրական արդարադատության
հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Նախաձեռնությանը մասնակից են դառնալու այն պետական
մարմիններն ու քաղաքացիները, որոնք Սահմանադրության
ուժով իրավունք ունեն դիմելու ՀՀ Սահմանադրական
դատարան։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով
ծրագրի դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության
մատչելիության երաշխավորման և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում:
Պաշտպանն
իր խոսքում ընդգծել է, որ որպես Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ
(amicus curiae briefs) ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ՝ նա հատկապես
կարևորում է ինչպես Սահմանադրական դատարանի հետ արդյունավետ համագործակցությունն ու
կառուցողական երկխոսությունը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների՝ դիմումների
և հատուկ դիրքորոշումների մշակման հմտությունների շարունակական կատարելագործումը։
Անահիտ
Մանասյանը նաև հատուկ ընդգծել է առաջիկայում անցկացվելիք աշխատաժողովի կարևորությունը,
որն ուղղված է ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի
աշխատակազմի կարողությունների զարգացմանը։
Նշենք, որ նախաձեռնությունն իրականացնում է Սահմանադրական
դատարանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ: