Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի
6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության
ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող
ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի
զարգացմանը:
Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել է մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերում Պաշտպանի ինստիտուտի հետ հնարավոր
համագործակցությունը։
Հանդիպման շրջանակում քննարկվել են համագործակցության հնարավոր
ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կարողությունների զարգացման հնարավորությունը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և
հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված
հաստատության աշխատակիցների հմտությունների հետագա կատարելագործման
կարևորությունը:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝
առաջիկայում անցկացնելու աշխատաժողով՝ ուղղված ինչպես ՄԻՊ և ՍԴ միջև երկխոսության
ամրապնդմանը, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։