Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի
30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության
Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման
խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի»
բժշկական կենտրոն։
Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո
նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի
ձերբակալվածների պահման վայր։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչներն այց են
իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց,
ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։
Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության
կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել
է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան
գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ
դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու
պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության
ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։
Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ
թվում` օբյեկիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը
գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։