Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի
29-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների
հետ:
Հանդիպմանը մասնակցել է 61 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու
աշխատանքների հիմնական ուղղությունները:
«Ցանկանում եմ ընդգծել նման հանդիպումների անցկացման կարևորությունը:
Զրույցների ժամանակ ինքս եմ շատ բան սովորում ձեզանից: Վստահ եմ, որ սա մեր վերջին
հանդիպումը չէ: Այստեղից դուրս ենք գալու նոր գաղափարներով, որոնք պետք է միասին կյանքի
կոչենք»,- դիմելով երեխաներին ասել է Անահիտ Մանասյանը:
Անահիտ Մանասյանը երեխաների հետ զրուցել է մարդու իրավունքների
պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության
դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան տեղափոխվող
անձանց` Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքերի առնչությամբ վերջին իրադարձություններին:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր խորհուրդների գործունեությունը
և նշել, որ շուտով ձևավորվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով
հասարակական խորհուրդ, որը զբաղվելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանության և խթանման հարցերով:
Հանդիպման վերջում Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հետագայում
ևս մասնակցել նման հանդիպումների, ինչպես նաև ուրախ կլինի մոտ ապագայում երեխաներին
ընդունել ՄԻՊ աշխատակազմում։