Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում
տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Գրություններ են
հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի
քննության առարկա դարձնելու պահանջով։
Հաշվի
առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում
է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք
է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային
ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։
Պաշտպանի
աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում
է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։
Մարդու
իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով
ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու
իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության
հիմքով հանցանքների կատարմանը։
Պետք է
նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում
են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած
տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։