2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական
ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների
շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն
ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի
ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։
Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական
իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության
միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։
Խումբը կապահովի նաև գրավոր և բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ և այլ հեռախոսահամարներով
ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։
Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում
իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության
միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների
հետ։
Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավախորհրդատվության,
քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:
Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան,
ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների
ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների
շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ: