«Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության
միջազգային օրվա առթիվ:
Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը
երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու
գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության
կողմից պետք է երաշխավորված լինեն։
Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի, նրանք պետք է մասնակից
լինեն որոշումների ընդուման գործընթացներին։
Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ եռանդով պետք է
խթանվի երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ամենօրյա ուշադրության
կենտրոնում եմ պահում երիտասարդներին առնչվող հարցերը։ Վառ օրինակն է ՄԻՊ-ին
առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդը, որի նպատակն
ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ
համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։
Համոզված եմ, որ մեր ապագան կերտողներն աշխատասեր,
կրթված, պրոֆեսիոնալ և բարեվարք երիտասարդներն են, որոնց պետք է տրվեն
ինքնադրսևորման լայն հնարավորություններ»։