Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ
կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ
փառատոնին։
«Ֆիզիկական
հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը,
որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է
Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են
հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի
բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից:
Անահիտ
Մանասյանն անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին և մասնակիցներին՝ բեմում հատուկ
խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը:
Այս
տարի փառատոնի բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ
ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, տեղի է ունեցել նաև երաժշտախմբի
երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի ցուցահանդեսը:
«Այն
ամենը, ինչ չի փոխանցվում, կորսվում է։ Դա վերաբերում է նաև մեր զգացմունքներին և
զգացողություններին, առաջին հերթին` հենց սերը փոխանցելուն։ Պետք է կարողանանք
սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի
միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։ Այդ
առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ
կատարյալ են դարձնում։ Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, մեր
առանձնահատկությունների ու դրանցով պայմանավորված` մեր կատարելության մասին է, ու
որ ամենակարևորը` մեր զգացողությունները չկորցնելու ու դրանք փոխանցելու
ունակության մասին է։ Ես այդ ամենը հենց «Ճախրուկներ»-ի հետ իմ անցած ճանապարհին
եմ նաև սովորել։ Սիրե՜նք միմյանց, պարզապես շատ սիրե՜նք։ Իսկ ամենակարևոր բանը
կյանքում հոգու թռիչք ունենալն է», - ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը կարևորել է պետության
աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման
գործում։ Նա նաև վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում միշտ կանգնած
կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին: