Մարդու
իրավունքների պաշտպանությունը ենթադրում է մարդկանց հետ անհատական աշխատանք: Նման հանդիպումներն
օգնում են ավելի լավ զգալ ու հասկանալ տարբեր սոցիալական խմբերում առկա խնդիրներն ու
դրանց առաջացման պատճառները. դրական արդյունքի հասնելու բանաձևերից մեկն էլ հենց սա
է։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Factor
TV-ում եռամսյա փորձաշրջան անցնող ուսանող-լրագրողների հետ հանդիպմանը:
Պաշտպանն
ապագա լրագրողներին է ներկայացրել կառույցի հիմնական առաքելությունը, գործունեության
ոլորտները, իր լիազորությունների շրջանակը:
Նա ուսանողներին
տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը անկախ, ապաքաղաքական պաշտոնատար անձ
է, ով զբաղվում է պետության կողմից անհատների խախտված իրավունքների պաշտպանությամբ
և վերականգնմամբ։ Օմբուդսմանական հաստատությունները նաև հնարավորություն են պետության
համար կողքից նայելու սեփական խնդիրներին, և գտնելու շուտափույթ լուծումներ։ Սա է այս
հաստատությունների դերն ամբողջ աշխարհում:
Հանդիպումը
շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով: Ուսանողներին հետաքրքիր էին մեր երկրում ներառական
միջավայր ստեղծելու հնարավորությունները, Պաշտպանի գործունեության թափանցիկությունը,
մարդու իրավունքներին առնչվող խնդիրները ԶԼՄ-ներում տեղեկատվությունը ճիշտ ներկայացնելու
առանձնահատկությունները և ոլորտային մի շարք այլ հարցեր:
Հանդիպման
ավարտին, Պաշտպանը հորդորել է ապագա լրագրողներին իրենց աշխատանքում լինել ծայրահեղ
պրոֆեսիոնալ, առաջնորդվել մի´ վնասիր սկզբունքով և մշտապես պահպանել պատասխանատու լրագրության
կանոնները: