Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային
ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ
Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր
կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ
դարձած եզդիների հիշատակին:
Պաշտպանն ու ԱԺ պատգամավորը ծաղիկներ են խոնարհել Իրաքում ԴԱԻՇԻ-ի
կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգելով
նրանց հիշատակը:
«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի
հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման
երևույթներն այլևս չպետք է երբեք կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս
քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն: Այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում
եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև»,-
ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը շրջել է հոգևոր կենտրոնի տարածքով, նրան ներկայացվել
են Հայաստանում եզդիական համայնքի պատմությունն ու հայ եղբայրների հետ անցած ուղին:
Պաշտպանը նաև նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների
իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: