Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում
դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր
դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Մեծարգո
տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր
հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում
չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն
հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի և ծրագրային աջակցության, մարդու
իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության
դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»,- նշել է Պաշտպանը:
Հանդիպման
շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով
ստեղծված հումանիտար իրավիճակը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան
բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու հետ կապված
հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է միջազգային հանրության արձագանքի
և քայլերի ձեռնարկման կարևորությունը, նաև ԵՄ տարբեր հաստատությունների և պաշտոնատար
անձանց շրջանում:
Անդրեա
Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն
զարգացում: