Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի նիստին
լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ սահմանափակումների առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝
դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։
Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ սույն
թվականի հուլիսի 3-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու հարցի դռնփակ քննության արդյունքով որոշումը հրապարակելու
դռնբաց նիստ, որին արգելվել է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։ Միևնույն ժամանակ,
Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում լրագրողների համար առանձնացվել է առանձին
սենյակ՝ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակումը դիտելու նպատակով։
Հրապարակումների և միջազգային փորձի ուսումնասիրության և մշտադիտարկման
արդյունքում վեր են հանվել խնդիրներ, որոնց հաղթահարման նպատակով Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից ներկայացվում են առաջարկություններ։ Ամբողջական փաթեթին ծանոթանալու
համար սեղմեք այստեղ։
Պաշտպանը հատուկ ընդգծում է. դատական իշխանություն – լրագրող
փոխգործակցության պատշաճ մշակույթի առկայության պայմաններում է միայն հնարավոր լիարժեքորեն
երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը,
լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումն ու պետական մարմինների բնականոն
գործունեությունը: