Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով հուլիսի 27-ին անցկացվել է «Հայաստանում
թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգի ուժեղացում» խորագրով աշխատաժողով։
Այն կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային
Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Տվյալներ ազդեցության համար»
(D4I) ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար։
Հանդիպման նպատակն էր զարգացնել
աշխատակազմի՝ տվյալների հավաքագրման և օգտագործման կարողությունները, բացահայտել թրաֆիքինգի
վտանգը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամրապնդել մարդկանց թրաֆիքինգի
դեմ պայքարի (C-TIP) ծրագրակազմի մշտադիտարկման գործընթացը։
Քննարկվել են մի շարք հարցեր՝
կապված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում տվյալների հավաքագրման եղանակների և գործիքակազմերի
կիրառման վերաբերյալ։
Խմբային քննարկումների միջոցով
բարձրաձայնվել են այս ոլորտում առկա բացերը, թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման
և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերը, արդյունավետ
մեխանիզմների, կառուցակարգերի մշակումը, ինչպես նաև այդ ուղղությամբ Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները։
Որպես անկախ մարմին՝ կարևորվել
է Պաշտպանի ինստիտուտի դերը՝ հատկապես ոլորտում մշտադիտարկում իրականացնելու, վիճակագրություն
հավաքագրելու և դեպքերն արձանագրելու և բացահայտելու, ինչպես նաև պետական իրավասու
մարմիններին առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից։
Ամփոփելով հանդիպումը՝ նախանշված
ուղղություններով համագործակցությունը շարունակելու պայմանավորավծություն է ձեռք բերվել։