Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ
այսօր՝ հուլիսի 27-ին, անցկացվել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն»
ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ կատարած
այցերի արդյունքնում արձանագրված խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ռուբեն Սարգսյանն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Առողջապահության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից,
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից, Կրթության տեսչական մարմնից և Քաղաքաշինության
կոմիտեից:
Հանդիպման
կազմակերպման համար հիմք են հանդիսացել Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից հոգեկան
առողջության կենտրոն և մանկապարտեզ իրականացված չհայտարարված այցերը, որոնց ժամանակ
արձանագրվել են խնդիրներ, մասնավորապես կապված հոգեկան առողջության կենտրոնի և մանկապարտեզի
մեկ վայրում տեղակայված լինելու անհամատեղելիության հետ:
Պաշտպանը՝
ողջունելով հյուրերին, կարևորել է հանդիպման անցկացումը, քանի որ ինչպես երեխաների,
այնպես էլ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի
ցանկացած հարց պահանջում է հրատապ լուծում:
«Իրավիճակին
տեղում ծանոթանալու համար մենք դեռևս մայիսին էինք այցելել «Ձորակ» կենտրոն։ Հունիսին
ևս երկու չհայտարարված այց ենք իրականացրել: Տարբեր բնույթի խնդիրներ ենք արձանագրել,
որոնք լուծման առաջարկներով ուղարկվել են պետական իրավասու կառույցներ։ Ցանկանում եմ
արձանագրել, որ մանկապարտեզի և խնամքի կենտրոնի գտնվելը նույն վայրում անհամատեղելի
է։ Խնդիրների լուծման տարբերակներ գտնելու համար անհրաժեշտ է համագործակցության մշակույթի
ձևավորում»,- նշել է Պաշտպանը:
Միևնույն
ժամանակ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների
համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր
միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Քննարկման
շրջանակներում կարևորվել է ինչպես խնամքի կենտրոնի և մանկապարտեզի շահառուների, այնպես
էլ հարակից տների բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում
ընդգծվել է անվտանգային միջավայրի ապահովման կարևորությունը՝ բացառելով կողմերից որևէ
մեկի իրավունքի խախտումը:
Քննարկման
ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար և նշել,
որ հանդիպման շրջանակում բարձրաձայնված կարծիքները կուսումնասիրվեն և կքննարկվեն համապատասխան
պետական մարմինների հետ: