ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների
անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել
է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով միջկառավարական հանձնաժողովի
(CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին:
Միջոցառման
նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները
կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։
Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ
ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈւ-ում մարդու իրավունքների
պաշտպանության ԵԽ երկրների փորձին, Օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։
Աշխատաժողովի
շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝ միջազգային գործընկերներին
ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո
զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել
Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը
և արձանագրված կոնկրետ արդյունքներին:
«Հպարտությամբ
կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել
են Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը
միտված ծրագրերը»,-նշել է Ա. Եղոյանը:
Պաշտպանի
ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և վերջինիս
երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա
և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված
ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար: