Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ
այսօր՝ հուլիսի 20-ին, անցկացվել է հանդիպում-քննարկում Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ։
Մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության տարբեր
ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Քննարկումն անցկացվել է «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը հավաքների
ազատության իրավունքի երաշխավորման համատեքստում. միջազգային իրավական չափանիշների
և ներպետական հիմնախնդիրների ներկայացումը» թեմայով և կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում
Արմեն Հարությունյանի մասնագիտական փորձը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա
2006-2011թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները
շատ կարևոր են աշխատակազմի և իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունների
զարգացման, իրավական բարձր մշակույթի և խնդիրների հասցեագրման մեթոդաբանության ձևավորման
տեսանկյունից։
Արմեն Հարությունյանն անդրադարձել է քննարկման ընթացքում բարձրաձայնված
մի շարք իրավիճակային խնդիրների՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո, ընդգծել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՆԳՆ ոստիկանության համագործակցության կարևորությունը՝
երաշխավորելու հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքի իրացումը։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Ոստիկանության հետ համագործակցությունը՝
նշելով, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվող խնդիրները կարող են կարևոր ազդակ
լինել պրակտիկան կատարելագործելու տեսանկյունից։
Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել անհամաչափ
ուժի կիրառման խնդիրներին, քննարկվել են ոլորտին առնչվող միջազգային չափանիշները:
Ամփոփելով միջոցառումը՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել
Արմեն Հարությունյանին հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար, ինչպես
նաև նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։