Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է ՀՀ ճանաչողական
այց կատարած Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի
ուսանողներին:
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն
ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։
Հանդիպման
ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին և փորձառությունը` նշելով,
որ իր համար Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ոչ թե լոկ աշխատանք է, այլ առաքելություն,
որն իրականացվում է ամենօրյա և անընդհատ ռեժիմով, և որ այդ ուղին ընտելով` այլևս պարտավոր
ես ծառայել մարդու անքակտելի իրավունքների իրականացման երաշխավորմանը, խթանմանը և պաշտպանությանը:
Հանդիպումը
շարունակվել է ուսանողների կողմից մի շարք ոլորտային հարցադրումների ներկայացմամբ,
քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում
առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:
Պաշտպանը
ուսանողների հետ քննարկել է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ՀՀ սահմանային բնակչության
իրավունքների խախտումները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար
ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց
քաղաքականությունը։
Պաշտպանը
նաև անդրադարձել է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում առկա անհանդուրժողականությանն
ու ատելության խոսքին` նշելով.
«Իրավահավասարության
սկզբունքի պահպանումը, ատելության ու անհանդուրժողականության բացառումն իմ աշխատանքի
առաջնահերթություններից են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ փոփոխվի իրավական կրթության
մեթոդաբանությունը, իրականացվեն իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ»:
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխավորման
կարևորությանը` ընդգծելով, որ անկախ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ
անկախության ներքին զգացողություն։
Հանդիպման
ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հետաքրքիր
և բովանդակալից քննարկման համար` ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները շատ կարևոր
են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հասցեագրելու և կառուցողական
իրավական միտք ու մշակույթ ձևավորելու համար։