Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա
առթիվ, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Դիլիջանի համայնքային կենտրոնում
հանդիպում է անցկացրել կենտրոնի երիտասարդների հետ:
Տեղի է
ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության և պետականության ամրապնդման գործում
սահմանադրական արժեքների դերը» թեմայով:
Հանդիպմանը
մասնակցել են նաև մանկավարժներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ:
Անահիտ
Մանասյանը երիտասարդներին ներկայացրել է Սահմանադրությանը վերաբերելի իր գիտական հետազոտությունների
արդյունքները, անդրադարձել այդ թեմայով տարբեր տարիներին իրականացրած գիտական աշխատանքներին:
Ողջունելով
կենտրոնի սաներին` նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, քանի որ դրանց
միջոցով վեր են հանվում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներ, ինչպես
նաև հնարավորություն է ստեղծվում քննարկել դրանց լուծման ուղիները:
«Հանդիպման
օրը խորհրդանշական է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մայրաքաղաքից դուրս նման ձևաչափով
միջոցառումները շատ եմ կարևորում: Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելուց
հետո, որպես առաջնահերթություն, պարբերաբար մարզային այցեր եմ իրականացնում` փաստահավաք
աշխատանքների, քաղաքացիների հետ խնդիրները քննարկելու, ինչպես նաև դրանց համար լուծումներ
գտնելու նպատակով: Մարզերում բնակվող երիտասարդները պետք է լսելի լինեն, իսկ այս հանդիպումը
լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու և համագործակցության կամուրջներ ստեղծելու
համար: Սիրելի երիտասարդներ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման,
սահմանադրական արժեքների երաշխավորման գործում անհրաժեշտ է նաև Ձեր մասնակցությունը»,-
նշել է Պաշտպանը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. քննակվել են Սահմանադրությանը, մարդու իրավունքների
պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Երիտասարդները
բարձրացրել են իրենց հարցերը, ներկայացրել մտահոգությունները:
Ամփոփելով
հանդիպման արդյունքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրն արդյունավետ էր և այդ ձևաչափով
քննարկումները կրելու են շարունակական բնույթ: