Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝
հունիսի 29-ին, մասնակցել է ՄԱԶԾ կողմից կազմակերպած «Կանայք դիվանագիտության մեջ»
միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում «ThinkEQUAL․ կանայք դիվանագիտության,
խաղաղության և անվտանգության մեջ» խորագիրը կրող զրույցին:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, ԵՄ-ում Հայաստանի
պատվիրակության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար
Նիելս Սքոթը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Պանելային քննարկման շրջանակում Անահիտ Մանասյանն առանձնակի
կարևորել է տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ հրամայական է, որ առաջին հերթին գնահատվեն մարդու գիտելիքները
ու հմտությունները և բոլորը ունենան հավասար հնարավորություններ:
«Կարող եմ կիսվել իմ անձնական փորձառությամբ․ ցանկացած
ոլորտում աշխատելու տարիներին արել եմ առավելագույնն ապահովելու բովանդակային աշխատանքի
բարձր ցուցանիշներ: Այսօր ևս՝ իրականացնելով Պաշտպանի բարձր և պատասխանատու առաքելությունը,
փորձում եմ անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը
պաշտպանված լինեն: Հենց այդպիսի պրոֆեսիոնալ և բարեվարք աշխատանքն է խտրական վերաբերմունքից
զերծ մնալու կարևորագույն գրավական»,- նշել է Պաշտպանը:
Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին վերաբերելի
կրթական համակարգի բարեփոխումը, մարզերում կանանց ներգրավվածության նպատակով, ինչպես
նաև ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքների իրականացումը, հարցին առնչվող կարծրատիպերի
հաղթահարումը։
Պանելային քննարկման խոսնակները ևս մեկ անգամ վերահաստատել
են, որ կանանց ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում տղամարդկանց
հետ հավասար պայմաններով կարևոր է հավասարության, կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարական
արժեքների պահպանման համար։