«Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է
որպես Փախստականների համաշխարհային օր։
Ապաստան հայցողների և փախստականների
իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության
կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային
գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների,
անդրազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության
բարձրացման, ինչպես նաև ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման
շրջանակներում։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման
շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ և ռազմական դրության
ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը:
Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների
թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների
պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր
մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման,
խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման,
իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած
պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
Պետությունը և քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն
գաղափարի շուրջ, որ փախստականները և ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու
իրենց իրավունքները և պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի
կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման և
վերջինիս անփոփոխելիության հարցում»: