2023 թվականի հունիսի
13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն,
որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ
համայնքի ուղղությամբ:
Կրակահերթերը եղել են նպատակային
և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող
մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան,
գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում
է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները,
ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ: