ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական
երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին
և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։
Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին
է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի ինստիտուտի կողմից
իրականացվող գործունեությունը։ Անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք
աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների
հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, մասնավորապես
կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և երեխաների կրթություն
ստանալու իրավունքների խախտման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել
են նաև հարցեր երեխաների, կանանց, հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության,
բռնության դեմ պայքարի ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես ատելության խոսքի բացառման
ուղղությամբ իրականացվող քայլերին և ծրագրերին։
Ստեֆան Մալերիուսն իր հերթին
շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության
ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ
Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության
կարևորությունը։ Նա նաև տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակում հայ-վրացական
օմբուդսմանական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն
է հայտնել։
Քննարկման ավարտին կողմերը
ձևավորված համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր ծրարգրեր իրականացնելու
պատրաստակամություն են հայտնել։