Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 12-ին, հյուրընկալել է «Հոդված
3» մարդու իրավունքների դպրոցում սովորող 20 ապագա իրավաբանի։
Անահիտ
Մանասյանն ուսանողներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային
առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները:
Պաշտպանը
նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են առաջնային
խնդիր մնալ անհանդուրժողականության մթնոլորտը և հասարակության բևեռացումը:
«Մարդու
իրավունքների պաշտպանության ժամանակակից տեսությունը հիմնված է խտրականության և անհանդուրժողականության
արգելքի վրա։ Բնական է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր համակարծիք չեն մեզ հետ, բայց
մեզ համար պետք է ուղենիշային լինի այն, որ նրանք ունեն մեզ հետ հավասար իրավունքներ»,-
ասել է Անահիտ Մանասյանը։
Այս համատեքստում
Պաշտպանը հատկապես կարևորել է հանրային գործիչների և պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության
նորմերի պահպանումը, քանի որ նրանց գործելաոճը որպես օրինակ է ծառայում հասարակության
լայն շերտերի համար:
Հանդիպման
շրջանակում նա նաև նշել է, որ հաստատության և անձամբ իր համար կարևոր է յուրաքանչյուր
մարդու ճակատագիրը:
«Կարևորում
եմ, որպեսզի արձագանքի արժանանան ոչ միայն հանրային հնչեղություն ունեցող գործերը,
այլև յուրաքանչյուր մարդու ճակատագրի համար նշանակություն ունեցող և մարդու իրավունքներին
վերաբերելի ցանկացած հարց հասցեավորվի և ստանա պատշաճ լուծում», - ընդգծել է նա:
Ուսանողները
հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող
հարցերի պատասխանները, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների
խախտումների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների պաշտպանին
վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման
ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ կարևորելով նման ձևաչափով
հանդիպումների անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները
վերհանելու և ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից։