Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության
դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների:
Հանդիպումն
անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն
ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող
խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության
խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:
«Այս երևույթների
լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա
հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։
Համերաշխության
մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական
գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների
հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի
պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:
Պաշտպանը
նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը
և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:
Նա ներկայացրել
է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը,
աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։